
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։
Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, հայտնում է БЕЛТА-ն։
«Ինչպես գիտեք, նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը։
Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ղեկավարը հրաժարվում է ինտեգրացիոն միջոցառումներին մասնակցելուց։ Օրինակ, հոկտեմբերին նա բաց թողեց ԱՊՀ գագաթնաժողովը Բիշքեկում»,-ասել է Էյսմոնտը:
Նա հավելել է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հասկանում է՝ մասնակցել-չմասնակցելու որոշումը ցանկացած պետության ղեկավարի գործն է։
Ըստ Էյսմոնտի՝ հրավերն ուղարկվել է ինչպես Հայաստանի վարչապետին, այնպես էլ մյուս պետությունների ղեկավարներին։
«Նախագահը, ելնելով իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից, Հայաստանի վարչապետին հրավիրել է չշտապել, չընդունել հապճեպ որոշումներ, այլ լրջորեն մտածել այն հաջորդ քայլերը, որոնք կարող են ուղղված լինել դեինտեգրացիային»։
Հիշեցնենք՝ Մինսկում ՀԱՊԿ խորհրդի նիստից իր բացակայության մասին Բելառուի նախագահ Ալեքանդր Լուկաշենկոյին հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործընկերները կհասկանան իր որոշումը։
Կրեմլը ափսոսանք էր հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջիկա գագաթնաժողովին:
Այն տեղի կունենա նոյեմբերի 23-ին , Մինսկում։