ԼրահոսԿԱՐԵՎՈՐՔաղաքական

Չարախինդ լռություն

Երեկ լրացավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 24-րդ տարելիցը։ 24 տարի առաջ տեղի ունեցածը, ոչ միայն մարդկային ողբերգություն էր, այլև պետական աղետ, իրադարձություն, որի հետևանքների համար Հայաստանի Հանրապետությունը չափազանց մեծ գին վճարեց և գուցե նաև մինչև այսօր էլ շարունակում է վճարել։

Այդ ողբերգությունից 24 տարի անց հայտնի են միայն ոճրագործության կատարողները։ Մինչև այսօր էլ հոկտեմբերի 27-ի սպանդի տարբեր վարկածներ են հնչում՝ անձնական վրեժխնդրությունից մինչև օտար պետությունների հատուկ ծառայությունների գործողություն։ Երբևե հայտնի կադառանա՞ն այդ ահաբեկչության իրական պատվիրատուները, կամ շահագրգռված ուժերը՝ թերևս անհայտ է, սակայն մեկ բան ակնհայտ է՝ այդ ոճրագրործությունն ունի իրական պատասխանատուներ, ովքեր պարտավոր էին ի պաշտոնե ապահովել երկրի անվտանգությունը։

Հայաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, իսկ Ազգային անվտանգության նախարարը՝ Սերժ Սարգսյանը, որն այդ օրերին չգիտես ինչու բացակայում էր երկրից։ Հոկտեմբերի 27-ից հետո հենց այս երկու գործող անձանց համար ճակատագիրը բացեց իշխանության դռները։ Հենց այս երկուսը միմյանց փոխարինելով ավելի քան 20 տարի իրենց ձեռքում կենտրոնացրեցին Հայաստանի իշխանությունը, տնտեսությունը, երկրի ամբողջ հարստությունն ու ֆինանսական հոսքերը։

Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, երբ անդրադառնում էին հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը՝ հայտարարում էին, որ դա ոչ միայն մարդակային այլև պետական ողբերգություն էր։ Սակայն այս երկուսը այդպես էլ չկարողացան վեր կանգնել զոհվածների հանդեպ ունեցած իրենց անձնական չարակամությունից և գոնե մեկ անգամ հարգեին նաև զոհվածների հիշատակը։

Իրենց կառավարման տարիներին այս երկու գործիչները բավարարվում էին կամ թաքուն, կամ ուրիշի միջոցով՝ Սպարապետի և մյուսների շիրիմներին ծաղկեպսակ ուղարկելով և դա էլ անում էին այն դեպքում, երբ փորձում էին «թոզ փչել» ժողովրդի աչքերին։

Թե՛ Քոչարյանը և թե՛ Սարգսյանը՝ լուռ էին նաև երեկ։ Նրանք ոչ միայն չեն այցելել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի շիրիմներին, այն զոհերի, որոնց հիմնական մասը նաև Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության անդամներն էին, այլեւ որեւէ հրապարակային անդրադարձ չեն կատարել պետության դեմ 24 տարի առաջ այս օրը կատարված հանցագործության փաստին:

Սրանով հերթական անգամ Քոչարյան-Սարգսյան զույգը հերթական անգամ պացուցեց, որ ոչ միայն մարդկային հարաբերությունների, այլև պետական մտածելակերպի կրողներ չեն։ Այս երկու գործիչների համար միշտ առաջնայինը եղել և մնում է սեփական փառքը, սեփական բարեկեցությունը, սեփական հարստությունը։ Եվ հենց այս անձնական փառասիրությանը հագուրդ տալու համար զոհաբերվեց մի ամբողջ պետության ու ժողովրդի ճակատագիր։

Մկրտիչ Իսրայելյան

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button