
Թբիլիսիում շարունակվում է բողոքի ցույցը։ Հանրահավաքի մասնակիցները նախ պահանջել են չեղարկել խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, ինչպես նաև ազատ արձակել նախօրեին ձերբակալվածներին, և այդ ամենի համար կառավարությանը տվել են մեկ ժամ ժամանակ։
Վերջնագրի ժամը լրանալուց հետո ցուցարարները հայտարարել են, որ պատրաստվում են կենդանի պատ կազմել խորհրդարանի շուրջ և թույլ չտալ վերջինիս աշխատանքները։ Որոշ ժամանակ անց կրքերը թեժացել են․ ցուցարարները հանել են խորհրդարանի արգելապատնեշները, շշեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Այս պահին իրավապահները ջրցան մեքենաներ են կիրառում։
Հիշեցնենք, որ երեքշաբթի Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ անսպասելիորեն ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, որը նման է ռուսական օրենսդրությանը, այն ուղղված է արևմտյան ազդեցության սահմանափակմանը: Այս ամենը ինքնաբուխ բողոքի ցույցեր և բախումներ է առաջացրել խորհրդարանի մոտ, որի ընթացքում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել։