
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել այսօր կառավարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի առնչությամբ։
«Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։
Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով»,- հայտնել է նա։
Հիշեցնենք՝ մարտի 7-ին, ժամը 08:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։ «Hyundai»-ը վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսն է։