ԼրահոսՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կնոջս 24 ժամվա մեջ 3 անգամ վիրահատել են, առողջ օրգանը հեռացրել՝ հասցնելով մահվան. ինչ է պատմում մահացած ծննդկանի ամուսինը

«Կնոջս մահվան դեպքով 2021թ. նոյեմբերի 15-ին հանցագործության մասին հաղորդում էի ներկայացրել Նոր Նորքի ոստիկանության բաժին, քրեական գործ է հարուցվել, գործը հիմա Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում է, բայց ընթացք չեն տալիս»,- այս խնդրով Civic.am-ին է ահազանգել 2 մանկահասակ երեխա խնամող Գրիգոր Պողոսյանը։

Նրա կինը՝ 1993թ. ծնված Էլլա Մկրտչյանը, մահացել է հիվանդանոցում։ Ամուսինը կնոջ մահվան համար մեղադրում է մանկաբարձ-գինեկոլոգ Աղասի Աշոտի Շարբատյանին։ 

Գրիգոր Պողոսյանի խոսքով՝ կնոջ առաջին ծննդաբերությունը կեսարյան հատումով է կատարվել՝ Մարգարյան հիվանդանոցում (Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն), իսկ երկրորդ երեխային ծննդաբերելու օրերին կինը կորոնավիրուսով է վարակվել, և թոքերը 30 տոկոս ախտահարված են եղել, սակայն բժիշկներն ասել են՝ դա խնդիր չէ։ Մարգարյան հիվանդանոցից կնոջը՝ Էլլա Մկրտչյանին, տեղափոխել են Հանրապետական հիվանդանոց (Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ ՓԲԸ )՝ կեսարյան հատում իրականացնելու նպատակով։  

Մահացած կնոջ ամուսինը՝ Գրիգոր Պողոսյանը, պնդում է՝ Հանրապետական հիվանդանոցի բժիշկ-գինեկոլոգ Աղասի Աշոտի Շարբատյանը կոմպետենտ չի եղել իր գործում. «24 ժամվա մեջ՝ նոյեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 4-ը, կնոջս երեք անգամ վիրահատել է Աղասի Աշոտովիչը։ Առաջին վիրահատությունը կեսարյան հատումն է եղել, որից հետո կնոջս մոտ արյունահոսություն է սկսվել, բժիշկը կարծել է, թե խնդիրը արգանդի հետ է կապված, երկրորդ վիրահատությունն է արել՝ հեռացնելով արգանդը, սակայն արյունահոսությունը չի դադարել։ 3-րդ վիրահատության ժամանակ պրոֆեսոր են կանչել, պարզվել է՝ արգանդը սնուցող երակը վնասվել է կեսարյան հատումից, ու Աղասի Աշոտովիչը չի գտել այդ վնասված երակը, որ փակի։ Վնասված երակը փակել են միայն երրորդ վիրահատության ժամանակ։ Բայց այդ երեք վիրահատությունների հետևանքով աղիների խնդիր է առաջացել, մկանային հյուսվածքի կպումները նորմալ չեն եղել։ Կնոջս տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նոյեմբերի 9-ին չորրորդ վիրահատությունն են արել, ու օրեր անց՝ նոյեմբերի 14-ին, կինս մահացել է։ Անունն էլ դրել են՝ կորոնավիրուսից մահացավ ու իբր ուղեկցող հիվանդություններ ուներ»։ 

Մահացած կնոջ ամուսինը շեշտեց, որ փորձաքրեագիտական հետազոտությամբ պարզվել է, որ կնոջ արգանդը եղել է նորմալ վիճակում: «Արգանդը առողջ է եղել, ինքն էլ ուղեկցող հիվանդություններ չի ունեցել՝ հղիության ամբողջ 9 ամսվա կոնսուլտացիաների թղթերն ունեմ,»,- ասաց նա։

Գրիգոր Պողոսյանի երեխաներից մեկը 7  տարեկան է, մյուսը 1 տարեկան 3 ամսական։ Նա հավելեց, որ քրեական գործով երեք քննիչ է փոխվել: «Հիմա քրեական գործը քննիչ Հրաչ Ավետիսյանի մոտ է, բայց չգիտեմ՝ ինչ փուլում է, նրա հետ կապ հաստատել չի հաջողվում։ Բողոքս Հանրապետական հիվանդանոցի բժշկի՝ Աղասի Աշոտովիչի և առողջապահության նախարարության դեմ է»,- ասաց մեր զրուցակիցն ու հիշատակեց, որ կնոջ՝ հիվանդանոցում գտնվելու ողջ ընթացքում ամեն օր Արմավիրից արյուն է հասցրել հիվանդանոց՝ բժիշկների պահանջով. «18 պարկ արյուն եմ տարել հիվանդանոց, որ կնոջս կյանքը փրկեն։ Ասում էին՝ շուտ արյուն հասցրեք, որ կյանքը փրկենք»։ 

Մենք կապ հաստատեցինք նաև մանկաբարձ-գինեկոլոգ Աղասի Շարբատյանի հետ, սակայն բժշկի պնդմամբ՝ Էլլա Մկրտչյանը մահացել է կորոնավիրուսի հետևանքով. «Երկար ժամանակ է՝ քննություն է գնում այդ գործի հետ կապված, բոլոր ցուցմունքները տրվել են, ես ևս հարցաքննվել եմ։ Այդ կնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերված՝ սկզբում 30 տոկոս թոքաբորբ, իսկ վերջին օրերին 90 տոկոս էին ախտահարվել թոքերը, ունեցել է շաքարային դիաբետ, ճարպակալում, հետվիրահատական բարդություններ՝ արյունահոսություն։ Իր վերջնական խնդիրը շնչառական խնդիրն է եղել»։

Մեր դիտարկմանը՝ ամուսինը պնդում է, որ Դուք կեսարյան հատում կատարելիս արգանդը սնուցող երակը չեք կարողացել գտնել, որ փակեք, մանկաբարձ-գինեկոլոգն արձագանքեց. «Ոչ, տենց բան չկա, լինում է հետծննդյան արյունահոսություն՝ առավել ևս կորոնավիրուսի ժամանակ, դրա հետ կապված կատարվել է նաև արգանդի հեռացում, որպեսզի արյունահոսությունը դադարեցվի»։ 

Մեր այն դիտարկմանը՝ ամուսինը պնդում է՝ արգանդը հեռացնելուց հետո արյունահոսությունը չի դադարել, Աղասի Շարբատյանն արձագանքեց. «Դե, իհարկե, արյունահոսությունը չի դադարել, նորից ինչ որ պետք է, արվել է՝ բոլոր համապատասխան միջոցները ձեռնարկվել են՝ արյունահոսությունը դադարեցվել է, և ինքը բարձր հեմոգլոբինով տեղափոխվել է այլ հիվանդանոց»։ 

 Մենք հարցում ուղարկեցինք նաև Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ի՞նչ փուլում է գործը։ Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ 2021թ. նոյեմբերի 14-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ ծննդաբերությունից հետո իրենց մոտ տեղափոխված Էլլա Ռաֆիկի Մկրտչյանը մահացել է կորոնավիրուսից, սակայն Էլլա Մկրտչյանի ամուսինը՝ Գրիգոր Պողոսյանը, հաղորդում է տվել այն մասին, որ կինը հիվանդանոցում մահացել է 03.11.2021թ. կեսարյան հատումից հետո, բժշկի կատարած թերի վիրահատությունների հետևանքով. «2021թ. նոյեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ»:

Նշենք, որ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն, որն առաջացրել է բուժվողի մահը։

ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ քրեական գործի շրջանակներում տուժող է ճանաչվել Էլլա Մկրտչյանը, իսկ վերջինիս ամուսինը՝ տուժողի իրավահաջորդ. «Վկայի դատավարական կարգավիճակում հարցաքննվել են «Հանրապետական» ծննդատան, «Մոր և մանկան գիտահետազոտական կենտրոնի», «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» ԲԿ-ի և «Արմավիր» ԲԿ-ի այն բժիշկները, ովքեր զբաղվել են Էլլայի բուժմամբ: 19.01.2022թ. նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի վերաբերյալ ստացվել է փորձագետի եզրակացությունը: 2022թ. հունվարի 19-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով կասեցնելու մասին: Որոշման օրինականությունը ստուգվել է Երևան քաղաքի դատախազության կողմից: 2022թ. նոյեմբերի 9-ին վարույթն ստանձնած քննիչի կողմից որոշում է կայացվել կասեցված քրեական վարույթը վերսկսելու մասին, որի մասին հայտնվել է Գրիգոր Պողոսյանին և ուղարկվել որոշման պատճենը: Նույն օրը որոշում է կայացվել հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»: 

Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումը փոստային առաքմամբ ուղարկվել է տուժողի իրավահաջորդ Գրիգոր Պողոսյանին, սակայն վերջինիս կողմից որևէ արձագանք չի եղել, այդ թվում՝ երբևէ չի ներկայացել վարույթն իրականացնող մարմին. «Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։ 

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button