Կապանում ավագանու անդամի մասնակցությամբ բժշկին ծեծելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

MediaHub-ը երեկ գրել էր, որ «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն՝ ծեծել բժշկի։
Տեղեկացրել էինք, որ մեր աղբյուրների համաձայն՝ խուլիգանության մասնակիցներից մեկը Կապանի ավագանու անդամ Արտյոմ Հարությունյանն է։
MediaHub-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը փոխանցեց, որ անձանց շրջանակը պարզվում է, դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ խուլիգանության հատկանիշներով, երկու անձ՝բուժհաստատության աշխատողներ, տուժող են ճանաչվել։
«Նախնական տվյալներով արարքը կատարվել է 3-5 անձանց կողմից, կրկնում եմ, անձանց շրջանակը, ինքնությունը պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է»,-ասաց Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից MediaHub-ը տեղեկացավ, որ փետրվարի 27-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ փետրվարի լույս 25-ի գիշերը 2 տղամարդ հարվածներ են հասցրել «Կապան» ԲԿ-ի հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 և 30 տարեկան երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
MediaHub-ի տեղեկություններով, երիտասարդներից մեկը Կապանի ավագանու անդամ Արտյոմ Հարությունյանն է։ Վերջինս Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի թիմակիցն է՝ «Շանթ» դաշինքից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վիճաբանությունը տեղի է ունեցել հիվանդանոցի բակում։