
Վիտամին D-ն օրգանիզմի համար ամենակարևոր տարրերից մեկն է, որի հիմնական աղբյուրը արևի ճառագայթներն են, քանի որ դրանց ազդեցության տակ է օրգանիզմը սինթեզում այս կարևոր վիտամինը: Սա է պատճառը, որ ձմռանը մարդիկ հաճախ են բախվում այս տարրի դեֆիցիտի խնդրին, ինչն էլ դրսևորվում է մի շարք խնդիրներով:
Այս վիտամինի դեֆիցիտի դեպքում երեխաների մոտ կարող են ի հայտ գալ ոսկրային հյուսվածքների ձևավորման խանգարումներ, ինչը կհանգեցնի ոսկորների թուլության ու փխրունության, իսկ մեծահասակների մոտ կարող են զարգանալ այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսին են օստեոպորոզը, զարկերակային գերճնշումը և երկրորդ տիպի շաքարային դիաբետը: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հետևել օրգանիզմում այս վիտամինի մակարդակին և սովորել տարբերել դրա դեֆիցիտի մասին հուշող ախտանշանները, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ ախտանշաններից ամենանակարևորները:
Վերջույթների ու ոսկորների ցավեր
Այս ախտանշանն առավել հաճախ ի հայտ է գալիս ձմռանը: Ավելին՝ վիտամին D-ի դեֆիցիտի հետևանքով դժվարանում է վերջույթների շարժունակությունը, ինչը դրսևորվում է առավոտյան ռիգիդությամբ:
Ավելորդ քաշ
Այս վիտամինը լուծվում է յուղային միջավայրում, ուստի դրա մակարդակն ազդում է նաև օրգանիզմում ճարպերի մակարդակի վրա: Որքան շատ ավելորդ ճարպաշերտեր կան մարդու օրգանիզմում, այնքան շատ վիտամին D է հարկավոր այդ ցուցանիշները բալանսավորելու համար:
Գլխի հատվածում առատ քրտնարտադրություն
Վիտամին D-ի դեֆիցիտը կարող է դրսևորվել նաև բավական արտասովոր ախտանշաններով, այդ թվում՝ գլխամաշկի առատ քրտնարտադրությամբ: Սա վիտամին D-ի դեֆիցիտի մասին հուշող ամենաակնհայտ ախտանշաններից է, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անպայման ստուգել օրգանիզմում այս տարրի մակարդակը:
Աղիների հիվանդություններ
Կրոնի հիվանդությամբ, ցելիակիայով (գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականություն) և աղիքային այլ քրոնիկ հիվանդություներով հիվանդների մոտ ավելի հաճախ է հանդիպում վիտամին D-ի դեֆիցիտ, ինչը պայմանավորված է նրանով, որ այս հիվանդություններն ազդում են ճարպերի յուրացման գործընթացի վրա և օրգանիզմը լավ չի յուրացնում ճարպերում լուծվող նյութերը: