
Հրապարակը գրում է.
Բոլորն այսօր սպասում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին, որով պետնախարար Ռուբեն Վարդանյանն ազատվում է պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվում է Արցախի դատախազ Գուրգեն Ներսիսյանը։ Անգամ ուղերձը հրապարակելու ժամն էր հրապարակվել։ Մենք տեղեկացանք, որ այդ ուղերձը Հարությունյանը հրապարակելու է Արցախի կառավարության նիստում՝ ժամը 15։00-ին, ուղերձի հրապարակումը տեսաձայնագրվելու է եւ հետո հրապարակվելու է պաշտոնական խողովակներով։
Մենք տեղեկացանք նաեւ, որ իսկապես՝ ինչպես գրել էր «Փաստ» օրաթերթը Արցախի նախագահն ու պետնախարարի թեկնածուն, նախօրեին մեկ օրով ժամանել են Հայաստան։ Գուրգեն Ներսիսյանը ծանոթացել է Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետների հետ, որպեսզի նշանակվելուց հետո աշխատանքի ընթացքում բարդություններ չլինեն։ Նրանք արդեն վերադարձել են Արցախ։
Տեղափոխումն իրականացրել են ռուս խաղաղապահները։ Ենթադրվում է, որ պետնախարարի փոփոխությունից եւ Հաագայի միջազգային դատարանի որոշումից հետո Բերձորի միջանցքը կբացվի, բայց թե դա որքան կտեւի ոչ ոք չի կարող ասել։