ԼրահոսՔաղաքական

ՔԻՍԻՆՋԵՐԸ ՇԱՏ ԽԵԼԱՑԻ ԷՐ, ՇԱՏ ԸՆԴՈՒՆԱԿ…ԵՒ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ

 Սույն հրապարակման վերնագիրը The Vonversation-ի ՝ «Henry Kissinger at 100: history will judge the former US secretary of state’s southern African interventions to be a failure» հոդվածին օգտատերերից մեկի (Kep) արձագանքից է վերցված: Դատելով արձագանքից, օգտատերն ԱՄՆ քաղաքացի է.

«Քիսինջերը խոսելով իր «ուժերի հավասարակշռության» թեզի մասին՝ Ամերիկաներում (Հարավային և Հյուսիսային Ամերիկաների մասին է խոսքը-Գ.Վ.) չկար աջ թևի բռնապետ, որին նա չաջակցեր, եթե նրանք լինեին բարեկամ ԱՄՆ-ին: Մենք դեռ բարձր գին ենք վճարում նրա քաղաքականության բոլոր սխալների համար: Այո, նա շատ խելացի էր և շատ ընդունակ… և միանգամայն անբարոյական»:

«Ուժերի հավասարակշռություն»․ Հենրի Քիսինջերն այս թեզը զարգացրել է Վիեննայի Կոնգրեսի՝ (1814-1815) դիվանագիտությանը վերաբերող իր դոկտորական ատենախոսության մեջ: Նա պնդում էր, որ միջազգային հարաբերություններում «լեգիտիմությունը» հիմնված է ոչ թե արդարությանն աջակցելու, այլ հզոր պետությունների միջև հավասարակշռության հաստատման վրա: Վիեննայի կոնգրեսի նշանակությունն այն էր, որ համաշխարհային տերությունները բանակցությունների սեղանի շուրջ լուծեցին վիճելի հարցերը, ինչը նախադրյալ հանդիսացավ ժամանակակից դիվանագիտության ստեղծման համար: Նապոլեոնից հետո կրկին վերականգնվեցին Եվրոպայի նախկին սահմանները, որոշ ճշգրտումներով, վերաբաշխվեցին գաղութները, իսկ Ֆրանսիան մնաց 1792 թվականի սահմաններում: Լեհաստանի թագավորությունը ներառվեց Ռուսական կայսրությունում, ստեղծվեց Գերամանական միությունը և այլն: «Ուժերի հաստատված հավասարակշռությունը» հետագայում հանգեցրեց բելգիական, լեհական հեղափոխություններին, իսկ 1848 թվականից սկսվեցին հեղափոխական խմորումներն ամբողջ Եվրոպայում:
Սրանք կարող են դիտվել որպես «ներքևից» եկող հեղափոխություններ: Մինչդեռ, այն, ինչ տեղի է ունենում ռուս-ուկրաինական բախման խորապատկերին, հեղափոխություն է «վերևից»: Արևմուտքը չի ընդունում «ուժերի հավասարակշռության» թեզը՝ Ռուսաստանի առնչությամբ: Չնայած նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց հիմքում Քիսինջերի ներդրումը եղել է նշանակալի դեռևս ԽՍՀՄ ժամանակներում, երբ ստորագրվեցին ОСВ-I (1972) և ОСВ-II (1979)-ը (միջուկային սպառազինությունների պաշարների կրճատման նպատակով): Հետագայում դրանց հիման վրա, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև, կնքվեցին СНВ (հարձակողական սպառազինությունների կրճատման մասին) պայմանագրերը. СНВ-I (1991), СНВ-II (1993) и СНВ-III (2010):
Փետրվարի 21-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում ընթերցած տարեկան ուղերձում հայտնեց, որ ՌԴ-ն սառեցնում է մասնակցությունը «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման հետագա միջոցառումների մասին» պայմանագրին: Ռուսաստանը, ի վերջո, Արևմուտքին ուժով կպարտադրի հարգել Քիսինջերի թեզը, որի համատեքստում, կարելի է ասել, որ միջազգային հարաբերություններում «լեգիտիմությունը» հիմնված է ոչ թե արդարության խթանման, և ոչ էլ հզոր պետությունների միջև հավասարակշռության հաստատման վրա, այլ որոշ հզոր պետությունների կողմից տվյալ պահին սահմանված խաղի կանոնների վրա: Պատկերավորության համար՝ Արևմուտքն իրեն իրավունք է վերապահել ֆուտբոլային խաղի ժամանակ խաղալ ձեռքով, նույնիսկ, հոկեյի, գոլֆի խաղափայտերով:
Այս ամենի խորապատկերին մեզ հետաքրքրում է, թե Հայաստանի և Արցախի պարագայում ինչի վրա է հիմնված «լեգիտիմությունը» միջազգային հարաբերություններում: 
Եթե Վիեննայի կոնգրեսի հռչակած սկզբունքների վրա է, որը 150 տարի անց կոնցեպտուալացրել է Քիսինջերը, ապա միանգամայն հասկանալի է, թե Նախիջևանը և Ղարաբաղը (արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի վերածված) ինչու են հայտնվել Ադրբեջանի կազմում, 100 տարի առաջ. ի դեմս Թուրքիայի՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև հավասարակշռության հաստատման: Մինչդեռ, «լեգիտիմությունը», հաշվի առնելով հայոց ցեղասպանությունը, տրամաբանորեն պետք է հիմնվեր «արդարությանն աջակցելու» վրա: Այդպես չարվեց նաև ԽՍՀՄ փլուզումից հետո. Հայաստանի և Արցախի պարագայում (թեպետ, կարծես, հնարավորություն ընձեռվել էր 1994 թ. զինադադարից հետո) պահպանվեց քիսինջերյան «ուժերի հավասարակշռության» մոտեցումը: Ինչու, որովհետև Հարավային Կովկասի հայերը չպայքարեցին մինչև վերջ ու այնպես, ինչպես եղել է Հարավային Աֆրիկայում, խճճվեցին դիվանագիտական նրբությունների սարդոստայնում… 
Հարավային Աֆրիկայում պետությունների լեգիտիմությունը ձեռք բերվեց, ոչ թե ուժեղ դիվանագիտության նրբությունների (ինչը գործադրում էր Քիսինջերը՝ այդ տարածաշրջան իր այցելությունների ընթացքում), այլ ժողովուրդների ազատագրական պայքարի միջոցով:
Արցախում էլ 1988 թվականին, երբ որևէ մեկի մտքով չէր կարող անցնել ԽՍՀՄ մոտալուտ փլուզումը, բռնկվեց հիրավի հուժկու ազատագրական պայքար, որին հաջորդեց հայրենական, արդարացի պատերազմը և գրեթե երեք տասնամյակ տևած անկախության ժամանակաշրջանը: Բայց այդ ամենը չզարգացավ ու չամրապնդվեց, ինչի արդյունքում, ցավալիորեն, նշմարվում է քիսինջերյան թեզի իրագործման ուրվականը, հնարավոր է ավելի սարսափելին՝ Վիեննայի կոնգրեսի ոգով, եթե հնարավոր չլինի Արցախի հարցում դիվանագիտության բնագավառում հասնել արդարությանն աջակցելուն կամ՝ ազատագրական պայքարի ուժգնացմանը՝ աֆրիկյան բազմաթիվ պետությունների օրինակով: 

Հ.Գ. Հետաքրքիր է, եթե ամերիկայի Kep-ը գտնում է, որ ամերիկացիները դեռ բարձր գին են վճարում Հենրի Քիսինջերի քաղաքականության բոլոր սխալների համար, ապա նա ինչ գնահատական կտար հայերի վճարածին, Վիեննայի կոնգրեսից ի վեր:
Գագիկ Վարդանյան

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button