
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը՝ ընդգծելով, որ ճգնաժամը չի հանգուցալուծվել։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված, և մի շարք ապրանքների դեֆիցիտ է առկա. «Լաչինի միջանցքը փակելու՝ Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները»։
Վարչապետը մեջբերել է եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ ընդգծելով, որ այն փաստացի չի իրագործվում. «Դե ֆակտո, ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։ Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց դրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և վերահսկի Լաչինի միջանցքը»։