Փաշինյանն ասում է, որ բանակը չունի բահի, քլունգի, վրանի, անձրեւանոցի կարիք, բայց Ֆեյսբուքում շարունակվում է հայրենասիրական տնայնագործությունը. Հակոբ Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է
Վարչապետ Փաշինյանն ասում է, որ բանակը չունի բահի, քլունգի, վրանի, անձրեւանոցի եւ այլնի կարիք: Այդ մասին ավելի վաղ հայտարարել են նաեւ ՊՆ-ն, կարծես այլ գերատեսչություններ էլ:
Բայց, Ֆեյսբուքում շարունակվում է հայրենասիրական տնայնագործությունը: Այդ ձեւակերպումը օգտագործում եմ ամենեւին ոչ հեգնելու համար: Իհարկե կասկած չունեմ, որ շատերը դրանով զբաղվում են ընդամենը որեւէ կարգի անձնական կամ խմբային դիվիդենտի, այդ զբաղմունքը հետո հանրության վրա ավելի շահավետ գնով «վաճառելու» համար, բայց կան նաեւ բազմաթիվ իրապես անմնացորդ նվիրումով քաղաքացիներ:
Սակայն, միեւնույն է, պետության, պետականության առկայության պայմաններում դա տնայնագործություն է, ոչ այլ բան: Ընդ որում, այստեղ խնդրի ամենեւին լոկ առերեւույթ կողմը չէ: Խնդիրը թողնում է գիտակցական ու ենթագիտակցական բավականին թանձր նստվածք: Ինչ է տեղի ունենում՝ պետականության վերաբերյալ, պետական անվտանգության, պաշտպանության վերաբերյալ մտահոգությունների եւ հռչակագրերի խորագրի ներքո տեղի է ունենում բնույթով ըստ էության տնայնագործական երեւույթ: Այդպիսով, «սահուն» կերպով ձեւավորվում է հանրային ենթագիտակցության ու վարքի, եւ այդ հանրությանը «միավորող» պետության այսպես ասած հանդիպակաց երթեւեկություն, ոչ թե երթեւեկություն նույն ուղղությամբ:
Այդպես, հանրությունն ու պետությունը նույն նպատակակետին համատեղ ու միաժամաակ չեն հասնի երբեք:
Ըստ այդմ, անհրաժեշտ է, որպեսզի հայտարարություններից բացի՝ որ բանակը չունի ոչնչի կարիք, պետական կառավարման համակարգը նաեւ գործուն քայլեր ձեռնարկի հանուն բանակի կարիքների կեղծ ու անկեղծ նվիրումով տնայնագործությանը վերջ տալու ուղղությամբ:
Իսկ, եթե այդուհանդերձ կան կարիքներ եւ կա հասարակական ներուժի օգտագործման անհրաժեշտություն, պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ամենը պետական կառավարման համակարգմամբ իրագործելու համար: