Վերլուծական

Փելոսին Հայաստան եկել է ԱՄՆ խնդիրները լուծելու, այլ ոչ ԱՄՆ-ին խնդիրների առաջ դնելու համար.Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արձանագրենք, որ չհնչեց որեւէ առարկայական պատասխան հարցերին, թե ԱՄՆ անվտանգային ինչ երաշխիք կամ ռեսուրս կարող է տրամադրել Հայաստանին: Ավելին, այդ հարցերին հարգարժան տիկին Փելոսին պատասխանի խոսափողի մոտ էր հրավիրում մյուս կոնգրեսականներին, շատ լավ հասկանալով իր ասելիք խոսքի նշանակությունն ու ազդեցությունը, եւ այլ կոնգրեսականների ասելիք խոսքի նշանակությունը, թեեւ ըստ էության բան չասացին նաեւ նրանք:

Սա զարմանալի չէ, երկու պատճառով: Նախ, Նենսի Փելոսին բավականաչափ լրջմիտ եւ փորձառու տիկին է, գիտենալու եւ պատկերացնելու համար, որ այդ հարցերը գերազանցապես վճռվում են գործադիր իշխանության միջանցքներում եւ գրասենյակներում եւ Կոնգրեսի մեծ դերն այստեղ անշուշտ կա, սակայն հեռու է վճռորոշ լինելուց:

Իսկ լրջմիտ եւ փորձառու գործիչը Հայաստան եկել է ԱՄՆ խնդիրներ լուծելու, այլ ոչ ԱՄՆ խնդիրների առաջ դնելու համար:

Երբ ԱՄՆ պատրաստակամությունն ու գործուն հետաքրքրությունը կա, ապա Վաշինգտոնն իրեն որեւէ կերպ չի կաշկանդում նաեւ ՀԱՊԿ անդամներ Կիրգիզիայի, Ղազախստանի, Տաջիկստանի հետ անվտանգային հարցերում աշխատելու համար:

Հետեւաբար ասել, թե եկել ենք հասկանանք ինչ է ակնկալում Հայաստանը, թերեւս այդքան էլ այդպես չէ: Որովհետեւ Հայաստանի ակնկալիքը շատ ավելի պարզ է՝ երաշխիք, հստակ, կոնկրետ, առարկայական, որ, եթե Հայաստանը անգամ որեւէ հարցում գնում է քայլերի, որոնք դեմ են Ռուսաստանի շահին եւ սպառնում են Ռուսաստանի հակադարձմամբ՝ բնականաբար Ադրբեջանի կամ Թուրքիայի միջոցով, չհայտնվի հարվածի տակ: Որովհետեւ, ինչպես ասել եմ բազմիցս, մեզ հազիվ թե մխիթարի  Ռուսաստանին Կովկասում վերջին հարված հասցնելը, եթե դա արվելու է Հայաստանի նոր եւ ավելի ցավագին պարտության եւ կորուստների գնով:

Միեւնույն ժամանակ, թերեւս դրվատելի է, եթե ԱՄՆ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա չի տալիս Հայաստանին ավելորդ խոստում, որը ենթակա չէ իրագործման: Ընդ որում, այդ անիրագործելիության պատճառներն էլ բավականին նշմարելի են: Կա հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կոնֆլիկտ եւ Հայաստանին ռազմական որեւէ օգնություն ԱՄՆ փաստացի վերածելու է այդ կոնֆլիկի «կողմի», դրանից բխող պատասխանատվոությամբ եւ բարդություններով: Իսկ Վաշինգտոնին պետք չէ Բաքվի կամ Անկարայի հետ ավելորդ բարդություն, այլ հակառակը՝ պետք է Բաքվի եւ Անկկարայի միջոցով ավելորդ բարդություն առաջացնել ռուսների համար:

Եվ այստեղ, մեր խնդիրն այն է, որ այդ ավելորդ բարդությունը չառաջացնեն նաեւ մեր միջոցով: Սա է այսօր հայ-ամերիկյան հարաբերության առանցքային խնդիրը, այս պահին, այս աշխարհաքաղաքական շրջափուլում, որովհետեւ ԱՄՆ շահից չի բխում ավելիի համար պատասխանատվությունը, հատկապես երբ պարզ չէ Իրանի հետ հարաբերության հեռանկարը:

Այս ամենը՝ ընդգծում եմ հատուկ «շնորհալիների» համար, որեւէ կապ չունի արեւմտամետության, ռուսամետության, ռսաստրկության կամ ջհուդամասոնության հետ: Ըստ այդմ, ամենայն հարգանքով կխնդրեմ այդ ամենին ծարավ օգտատերերին պարզապես փնտրել այն հագեցնելու այլ աղբյուրներ՝ այլ պատերի, որոնք Ֆեյսբքում շատ են, ընտրությունը՝ մեծ:

Կրկնեմ, այլ չափումների համար մի բան է Եվրոպայի կենտրոնում 40 միլիոնանոց Ուկրաինայի, մեկ այլ բան է Սարամղանդի հայտնի լուսանկարով իրականում շրջապատված 3 միլիոնանոց Հայաստանի դիմադրունակությունը: Ընդ որում թե ռեսուրսների, թե տարածության առումով:

Սա նշանակու՞մ է, որ Նենսի Փելոսիի այցը կարեւոր չէ: Իհարկե ոչ: Շատ կարեւոր է, ինչպես որ շատ կարեւոր է հայ-ամերիկյան հարաբերության խորացումը եւ առարկայացումը, եւ դարձյալ՝ ինչպես ասել եմ հաճախ, այդ հարաբերության հարցում պետք է առավելագույնն անել տնտեսական բաղադրիչը խորացնելու եւ ամրացնելու համար: 

Ըստ այդմ, կարեւորությունը չափվում է մի շարք այլ խորքային պարամետրերով: Շատ կարեւոր այց է, պարզապես այդ շատ կարեւորությունը մեզանից պահանջում է նաեւ այդ խորքային պարամետրերի հանդեպ շատ համարժեքություն, թե քաղաքական իշխանությունից, թե հանրությունից ընդհանրապես՝ հանրային ակտիվ, առաջնորդող խմբերից:

Համարժեքություն, որպեսզի մենք հասկանանք, թե՝ մեր որ հնարավորությունը ինչ հեռավորության վրա է՝ ժամանակի ու տարածության առումով, եւ ինչ հեռավորության վրա է մեր որեւէ ռիսկ՝ դարձյալ ժամանակի ու տարածության առումով»:

Комментарии
"

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button