Քաղաքական

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Հայաստանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», — ասել է նա:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ:

Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել:

Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր:

Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:

Դա այսօր արդեն հավաքական զորք բերելո՞վ է հնարավոր:

Դա հնարավոր է բազմաթիվ գործիքներով: Գիտեք, որ միջազգային հանրությունը բազմաթիվ գործիքներ ունի` ռազմաքաղաքականից սկսած, դիվանագիտական, տնտեսական: Իհարկե, ՀԱՊԿ-ը` որպես կառույց, բնականաբար, չունի նաև տնտեսական գործիքներ, բայց ունի ռազմաքաղաքական գործիքներ, և այդ ռազմաքաղաքական գործիքներով հնարավոր է այդ հարցը լուծել:

Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Երևանը, ընդհուպ այսօր հնչում է այդ դաշինքը լքելու կոչ:

Այդ մասով պետք է ՀԱՊԿ-ը մտածի, ոչ թե Հայաստանը:

Երբ ասվում է, որ սահմանին հիմա հանգիստ է, սակայն պահպանվում է լարվածությունը, այսինքն` կա՞ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ:

Ռազմական գործողությունների վտանգը վերջին մոտ երկու տարվա մեջ չի բացառվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ անել և փորձում է նաև սահմանային լարվածությունը պահպանել:

Այդ թվում և լայնածավալ կամ այսպես ասենք` ավելի լայնածավալ:

Մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալ և փորձում է ագրեսիայի միջոցով Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրել: Ընդհանուր առմամբ, առաջխաղացում երեք օրվա ընթացքում ամբողջ ընթացքում փոփոխվել են, կան ադրբեջանական զորքեր, և Հայաստանի պահանջը շարունակում է մնալ, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից: Երբ որ ասում ենք` պետք է դուրս գան, նկատի ունենք` անցած տարի մայիսի 12-ից սկսած ներխուժումով Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիան պետք է վերացվի:

Սա ժամանակավո՞ր հրադարար է: Ես հարցնում եմ, որովհետև Բաքուն այդ օրը հենց նման առաջարկ էր հնչեցնում, ավելին` պատրաստակամություն հայտնելով 100 դի փոխանցել հայ զինծառայողի:

Հրադադարի հաստատումը ընդհանուր առմամբ կարող ենք ակնկալել, որ պետք է երկարաժամկետ լինի, բայց մենք այդ վստահությունն այս պահին Ադրբեջանի կողմից չունենք, որովետև ընդհանուր առմամբ հրադարարի համաձայնագիր նաև նոյեմբերի 9-ով է եղել, բայց Ադրբեջանը շարունակել է խախտել և՛ նոյեմբերի 9-ը, և՛ հրադադարի բոլոր պայմանավորվածությունները:

Այսինքն` այն դեպքը չէ, որ ենթադրենք` 72 ժամով կրակը դադարեցնենք, դի փոխանակենք…

Ժամային որևէ պայմանավորվածություն չի եղել, բայց Ադրբեջանը շարունակում է ռազմական էսկալացիայի տրամաբանության մեջ քայլեր ձեռնարկել:

Ժամայինը ասացիք, իսկ ինչ-որ պայմանո՞վ է կրակը դադարել:

Հայաաստանը որևէ պայման չի քննարկել որևէ գործընկերոջ հետ, և հրադադարը իրականություն է դարձել:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button