Վերլուծական

Արցախի անկախությունը ոչնչացնողները հիմա էլ հասել են Հայաստանի անկախությանը

Ներքաղաքական դիսկուրսում շրջանառության մեջ է դրվել բավական վտանգավոր թեզ՝ իր տարբեր մեկնաբանություններով։ Վերջին հանրահավաքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ «Հայաստանն Արցախ է, և վերջ»։ Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն էլ վերջին հարցազրույցում առաջ է քաշել միտքը, թե՝ առանց Արցախ չկա Հայաստան. «Որևէ մեկը թող չմտածի, թե առանց Արցախ Հայաստանը բարեկեցիկ է ապրելու կամ լինելու է»։

Սա ամենևին էլ էմոցիոնալ պոռթկում չէ, ոչ էլ «լեզվի սայթաքում», այլ՝ չափազանց վտանգավոր թեզ, որը նետվում է օրակարգ և փորձ արվում սերմանել մարդկանց ենթագիտակցության մեջ։ Փորձենք մեկնաբանել, թե որն է այս թեզի վտանգավորությունը։ Ինչպես հայտնի է, Արցախը միջազգային հանրության կողմից չճանաչված պետություն է՝ ի տարբերություն Հայաստանի, որն իր անկախությունը հռչակելուց հետո (խորհրդային օրենքների տառին ու ոգուն համապատասխան) անդամակցեց ՄԱԿ-ին։ Եվ այսօր, բացի Պակիստանից, աշխարհի բոլոր պետությունները ճանաչել են Հայաստանը՝ որպես անկախ պետություն։ Այսինքն, Հայաստանը միջազգային ասպարեզում իրավասուբյեկտ է՝ ի տարբերություն Արցախի։

Ու հիմա, երբ «ընդդիմության առաջնորդ» Իշխան Սաղաթելյանն ու Արցախում ԱԳ նախարար աշխատող Դավիթ Բաբայանը իրար հերթ չտալով փորձում են նույնականացնել Հայաստանի ու Արցախի կարգավիճակները, ավելին, փորձում Հայաստանը դարձնել Արցախի պատանդ, դրանով, ըստ էության, չեն ճանաչում միջազգայնորեն ճանաչված իրավասուբյեկտը։ Սրանով ոչ միայն վտանգի տակ են դնում Հայաստանը՝ կարգավիճակային առումով հասցնելով Արցախին, որի նկատմամբ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի, այլև ոչնչացնում են Արցախի փրկության շանսերը։ Իրենց քաղաքականության արդյունքում Արցախը հայտնվել է ճահճում, և դրանից դուրս բերելու միակ միջոցը Հայաստանն է, և անհեթեթություն է, որ այս մարդիկ փորձում են Հայաստանը նույնպես գցել այդ ճահճի մեջ։ Այսինքն, սա հանցագործություն է՝ ուղղված երկրի անկախության, ինքնիշխանության դեմ։ Ըստ Դավիթ Բաբայանի «մահ կամ ազատություն» տրամաբանության՝ ստացվում է, որ եթե Արցախը կորցրել է սուբյեկտությունը, ապա նույն ճակատագրին պետք է արժանանա նաև Հայաստանը։

Ի՞նչ է սա, եթե ոչ Հայաստանի ինքնիշխան պետությունը, պետականությունը կոտրելու քարոզ, երկրի անկախության ուղղված ուղիղ հարված՝ կրակոց, և արդեն՝ ոչ թիկունքից։ Վարդագույն ակնոցներով, իհարկե, պետք չէ նայել կյանքին և պետք է ընդունել, որ վերջին պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է ոչ շահեկան դիրքում. թեկուզ այն փաստը, որ ՀՀ սահմանների անվտանգության ապահովման հարցում էականորեն կախված ենք դաշնակից պետությունից, արդեն իսկ ինքնիշխանության սահմանափակման դրսևորում է։ Բայց, չնայած այդ հանգամանքին, ՀՀ-ն, այնուամենայնիվ, միջազգայնորեն ճանաչված անկախ պետություն է՝ միջազգայնորեն տրված իրավունքներով ու լիազորություններով, ի տարբերություն Արցախի։ Հետևաբար, ոչ միայն սին են նման համեմատությունները, ոչ միայն ինքնանպատակ կեղծ հայրենասիրության դրսևորումներ են, այլև վնասակար են։

Ինչ վերաբերում է Արցախի ինքնորոշման հեռանկարին, ակնհայտ է, որ պատերազմից հետո այլևս Արցախի անկախության մասին խոսելը ռոմանտիզմ է, միֆ։ Բայց եթե հիմա կասկածի տակ է անկախության հեռանկարը, չի կարելի գուժել նաև Հայաստանի Հանրապետության ավարտը՝ կասկածի տակ դնելով այս մի միջազգային իրավունքի սուբյեկտի անկախությունը։ Բայց դե, դաշնակների դեպքում սա միանգամայն բնական է. իզուր չէ, որ նրանց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էլ հետևողականորեն տանում է Հայաստանը միութենական պետության մեջ մտցնելու քարոզ։ Այս մարդիկ պարզապես արշավ են սկսել Հայաստանի և նրա անկախության դեմ։

Իսկ կարիք կա՞ բացատրելու, որ միայն ուժեղ Հայաստանը կարող է երաշխավորել Արցախի հայկական ինքնությունը: Եթե Հայաստանը դարձնենք Արցախի անկախության պատրանքային օրակարգի պատանդը, պետություն ենք կորցնելու: Դաշնակցականներն այս ամենը չեն հասկանա, ոչ էլ այս ամենը կհասկանան հոգեկերտվածքով ու էությամբ դաշնակ Դավիթ Բաբայանն ու նրա նման մտածողները Հայաստանում ու ԼՂ-ում։ Նույնիսկ վերջին պատերազմը՝ իր ավերիչ հետևանքներով, չփոխեց ղարաբաղյան էլիտայի մտածողությունը: Ստեփանակերտում չեն կարողանում գիտակցել, որ այսօր ու տեսանելի ապագայում Հայաստանը չի կարող սպասարկել ԼՂ անկախության ճանաչման օրակարգը, ավելին, նման փորձը կարող է հանգեցնել Հայաստանի պետականության կոլապսին: Իսկ Հայաստանի՝ նման հեռանկարը հաստատ հանգեցնելու է Արցախի հայաթափությանը: Եվ, վերջապես, Արցախի անկախությունը նախ պետք է փաստացի տեղի ունենա, հետո իրավականորեն արձանագրվի, իսկ 1998թ. հետո հետևողականորեն ամեն ինչ արվել է՝ այդ փաստական անկախությունը ոչնչացնելու ուղղությամբ։ Դաշնակցականների առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահ դառնալն արդեն ինքնին ոչնչացրեց Արցախի անկախության մասին հույսերն իսկ։

Հ.Գ. Ի դեպ, ոչ վաղ անցյալում Իշխան Սաղաթելյանի գործընկերները փորձեցին շրջանառության մեջ դնել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում էին քրեորեն պատժելի դարձնել ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու հայտարարությունները։ Ափսոս, որ իշխանությունները չընդունեցին այդ նախագիծը, այլապես Իշխան Սաղաթելյանի վերջին հայտարարությունները կարելի էր դիտարկել հենց այս տրամաբանության մեջ՝ դրանից բխող իրավական հետևանքներով։

Իսկ ինչ այդ մնում է խորհուրդ տալ ընթերցել Եղիշե Չարենցի անմահ վեպը՝ «Երկիր Նաիրի»-ն։

Աղբյուր` radar.am

Комментарии
"

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button