Ադրբեջանի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային գործընկերներին՝ տեղեկացնելով սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի՝ հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվ հարձակումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ուղարկած նամակների միջոցով ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաեւ միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները եւ գնդակոծում:
«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ—ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով:
Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 49-ն: