ԼրահոսԿԱՐԵՎՈՐՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքական

Ինչու է Ադրբեջանն առևանգել երկու հայ զինծառայողին. ինչ է նա պահանջելու նրանց դիմաց

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարել է, թե ադրբեջանական սահմանապահները «կասեցրել են Հայաստանի զինված ուժերի «դիվերսիոն խմբի՝ սահմանն ապօրինի հատելու փորձը»: Ըստ հաղորդագրության՝ իբր հայ զինծառայողները սահմանը «փորձել են հատել» Զանգելանի շրջանի տարածքով անցնող վայրում։

Պաշտոնական Բաքուն հայտնել է երկու հայ զինծառայողի ձերբակալելու մասին, իսկ մնացած դիվերսանտները իբր թե «դիմել են փախուստի»:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունն էլ երեկ երկու հաղորդագրություն տարածեց՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել:

Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ըստ հաղորդագրության՝ ընթանում են որոնողական աշխատանքներ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ: Նշվում էր նաև, որ քննվում է դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը:

Քիչ առաջ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, որոնվող՝ ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների շահագործած թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար:

Կրկին անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների և Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած ապատեղեկատվությանն այն մասին, թե իբր հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել՝ ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքել է կեղծ տեղեկատվությունը:

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը պնդում է, որ հայկական կողմն ունի բավարար ապացույցներ՝ այն հերքելու համար, որոնք կներկայացվեն միջազգային գործընկերներին:

«Հայտնաբերված մեքենայում նաև առկա է զինծառայողներից մեկին ամրակցված զենքը, ինչը փաստում է, որ անգամ մեքենայից դուրս գալու և տեղանքում չկողմնորոշվելու դեպքում զինծառայողները չէին կարող դիվերսիոն նպատակներ ունենալ: Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ տարվում է լայնածավալ աշխատանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Թեև նախօրեին Մոսկվայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստում Ադրբեջանի նախագահի հրապարակայնորեն այն հավաստիացումներին, թե Ադրբեջանը պատրաստ է հասնել խաղաղության, փաստացի հայ երկու զինծառայողին առևանգելով՝ պաշտոնական Բաքուն հրահրում է հերթական սադրանքը, որին ակտիվորեն լծվել են ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես ցանկացած սադրանք իրականացնելուց առաջ:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը, առաջնագիծ սնունդ տեղափոխող հայ զինծառայողներին առևանգելով, նպատակ է հետապնդում հասնել նրան, որ փոխանակում կատարի որոշ ժամանակ առաջ ՀՀ ներթափանցած իր դիվերսատների հետ, որոնցից մեկը սպանել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին:

Комментарии
"

Առնչվող հոդվածներ

Back to top button